15/04/2009 17:37
«Խելացի մարդկանց հետ հանդիպումներ նախագահի տանը»
Իսրայելի գործող նախագահ Շիմոն Պերեսը վարելու է իր սեփական հեռուստաշոուն: Ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը, «Խելացի մարդկանց հետ հանդիպումներ նախագահի տանը» խորագրով հաղորդաշարը կցուցադրվի ազգային հեռուստատեսությամբ` ամսեկան երկու անգամ:
Ըստ նախագահի ներկայացուցիչ Այելեթ Ֆրիշի, հաղորդաշարը նվիրված է լինելու, Պերեսի կարծիքով, Իսրայելի հանրության համար առավել կարևոր խնդիրներին: Մասնավորապես, առաջին հաղորդման թեման է լինելու արաբների և հրեաների փոխհարաբերությունները Իսրայելում, իսկ հաջորդի հյուրերը կդառնան այն երիտասարդ իսրայելցիները, ովքեր հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում:
Նշենք, որ Շիմոն Պերեսը նախագահ է ընտրվել 2007 թվականին: Մինչ այդ նա կրկնակի անգամ վարչապետ է եղել, զբաղեցրել տարբեր պաշտոններ Իսրայելի կառավարությունում: Արտգործնախարարի պաշտոնում 1994 թվականին Պերեսը վարչապետ Իցհակ Ռաբինի և Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ պարգևատրվել է Նոբելյան մրցանակով` երկու ժողովուրդների միջև խաղաղությանը միտված ջանքերի համար:
Չնայաց, որ Շ. Պերեսը արդեն 85 տարեկան է, նա շարունակում է հետաքրքրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ի հայտ եկող նորույթներով: Նա նույնիսկ իր սեփական բլոգն է բացել Facebook սոցիալական ցանցում: Բացի այդ, Շ. Պերեսը հայտնի է որպես նանոտեխնոլոգիաների բնագավառում հայտնագործությունների և էլեկտրականության միջոցով աշխատող ավտոմեքենաների օգտագործման ջատագով: