17/04/2009 12:02
Լևոն Արոնյան. «Սատանան գիտի, ինչ-որ էտյուդ է ստացվում…»
ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ծանր պայքարում առավելության հասավ մեր մյուս շախմատիստի` Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ: Շախմատային մեկնաբան Յուրի Վասիլևը հայ գրոսմայստերներին մի քանի հարցեր է ուղղել, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
- Վլադիմիր, «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել էիք, որ Լևոն Արոնյանի քայլերը շատ դժվար է կռահել, որ նա միշտ յուրահատուկ խաղ է ցուցադրում: Այս պարտիայում ո՞ր քայլն էր Ձեզ համար անսպասելի:
- Ես խոսում էի այն պարտիաների մասին, որոնցում դինամիկան շատ է: Նման դեպքերում Արոնյանի մտքերը շատ դժվար է կռահել: Իսկ դիրքային պայքարում, որին ականատես եղաք նաև մեր պարտիայում, ես տեսնում էի Լևոնի գաղափարները: Խնդիրն այն էր, որ չէի կարողանում դիմակայել:
- Լևոն, ո՞ր պահն էր Ձեզ համար ամենադժվարը:
- Վերջնամասը: Ես նյարդայնանում էի` կարծելով, որ ձեռքից բաց եմ թողնելու հաղթանակը: Հետո լավ մտածեցի ու հասկացա, որ ձին անպայման պետք է հայտնվի f5 դաշտում: Գոհ եմ, որ գտա այդ պլանը: Չգիտեմ, հնարավոր է` սևերն այնտեղ էլ կարող էին դիմանալ: Սատանան գիտի, ինչ-որ էտյուդ է ստացվում…
- Վլադիմիր, Արոնյանի հետ անձնական հանդիպումներում հաշիվն ինչպիսի՞ն է:
- Բանն այն է, որ երբ ես հաղթում էի Հայաստանի առաջնություններում, Լևոնն ընդամենը 14-15 տարեկան էր: Ես տեսնում էի, որ տղան շատ տաղանդավոր է…
- Ի՞նչ տեղեր էր գրավում Լևոնը, երբ Դուք հաղթում էիք Հայաստանի առաջնություններում:
- Անկեղծ ասած` այն ժամանակ ինձ հետաքրքրում էր միայն իմ առաջին տեղը, իսկ թե մեկ ուրիշն ինչ տեղ է գրավում, քիչ էր արժանանում իմ ուշադրությանը:
Արոնյանը ժպիտով պատասխանում է. «Այն ժամանակ ես մի անգամ մինուս հավաքեցի»: Վլադիմիրը ժպտալով շարունակում է.
- Իրականում վերջին շրջանում մենք շատ հազվադեպ ենք հանդիպում: Միգուցե սա երկրորդ պարտիան է, որն անցկացնում ենք վերջին հինգ տարիների ընթացքում: