18/04/2009 11:51
«Պոբեդան» պատժվեց, իսկ «Փյունիկը» կապ չուներ այդ գործի հետ
ՈՒԵՖԱ-ի վերստուգիչ-կարգապահական կոմիտեն մակեդոնական «Պոբեդային» 8 տարով զրկել է եվրագավաթների մրցաշարերին մասնակցելու իրավունքից, իսկ ակումբի նախագահին և խաղացողներին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Այս խիստ որոշումը կայացվել է մարզական պայքարի ու ազնվության սկզբունքների խախտման, այլ կերպ ասած` խաղի արդյունքի վրա ազդելու պատճառով` համաձայն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 5-րդ հոդվածի:
Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը, ինչպես տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներից մեկում, որոշել էր հետաքննություն իրականացնել` կապված 2004 թ. հուլիսի 13-ին և 21-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում մակեդոնական «Պոբեդայի» ու հայաստանյան «Փյունիկի» միջև կայացած հանդիպումների հետ: Կասկածները մի քանի վկաների ցուցմունքների, ինչպես նաև բուքմեյքերական համակարգի տվյալների հետևանք էին: Այդ հանդիպումների համար կասկածելի մեծ խաղադրույքներ էին կատարվել:
Յոթ ժամ տևած նիստից հետո, որի ընթացքում լսվել են «Պոբեդայի» ներկայացուցիչների և բուքմեյքերական գործի փորձագետների վկայությունները, ՈՒԵՖԱ-ի վերստուգիչ-կարգապահական կոմիտեն հրապարակել է իր վճիռը, որի համաձայն ակումբի նախագահ Ալեքսանդր Զաբրցանեցն ու ֆուտբոլիստ Նիկոլչե Զդրավեսկին ցման զրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Սկսած 2009-2010 թթ. մրցաշրջանից` «Պոբեդան» 8 տարի չի կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերին:
ՈՒԵՖԱ-ն միաժամանակ դիմելու է ՖԻՖԱ-ին` այդ որոշումը համաշխարհային մակարդակով հաստատելու խնդրանքով: Իսկ «Պոբեդան» վճիռը կարող է բողոքարկել ծանուցագիրն ստանալուց երեք օրվա ընթացքում:
Մեկնաբանելով այդ որոշումը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է. «Ես ողջունում եմ վերստուգիչ-կարգապահական կոմիտեի դիրքորոշումը`պատժելու ցանկացած ակումբի կամ ֆիզիկական անձի, որոնք իրենց գործողություններով ազդել են որևէ հանդիպման ելքի վրա` խախտելով մարզական ազնիվ պայքարի սկզբունքները: Այս որոշումն ազդանշան է այն բանի, որ ՈՒԵՖԱ-ն ոչ մի մեքենայություն չի հանդուրժի: Վերջին ժամանակներս ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մի քանի որոշումներ է կայացրել, որոնք շեշտում են այդ քաղաքականությունը: Յուրաքանչյուր խաղի համար այսուհետ լրացուցիչ կարգապահական տեսուչներ կնշանակվեն` կասկածելի խաղադրույքների վերաբերյալ փաստերն ուսումնասիրելու համար: Ոչ ոք չպետք է կասկածի, որ ՈՒԵՖԱ-ն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի Եվրոպայում ֆուտբոլային խաղերն ընթանան ազնիվ պայքարում: Դրա համար կիրականացվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները»: