20/04/2009 10:37
Ահմադինեժադին մտահոգում է ամերիկյան լրագրողի ճակատագիրը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ամերիկյան լրգրող Ռոքսանա Սաբերին, ում ավելի վաղ Իրանի դատարանը, ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ կասկածելու պատճառով, դատապարտել է 8 տարի ազատազրկման, ունի դատարանի որոշումը բողոքարկելու օրինական իրավունք: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով BBC լրատվականին:
Դիմելով Թեհրանի դատախազությանը, Ահմադինեժադը հայտարարել է, որ Ռ. Սաբերիի և ձերբակալված իրանա-կանադական բլոգեր Հոսեյն Դերահշանայի իրավունքները ոչ մի դեպքում չպետք է խախտվեն:
«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել` նշված անձանց հանդեպ մեղադրանքի մանրազնին և անկողմնակալ քննության համար` հաշվի առնելով բոլոր իրավաբանական նորմերը», - ասվում է Իրանի ղեկավարի հայտարարության տեքստում:
Մահմուդ Ահմադինեժադը նաև պնդել է, որ ամբաստանյալներին տրամադրվեն նրանց պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր օրինական իրավունքները և ազատությունները: