21/04/2009 19:01
Հայաստան կժամանի ԴՄԱ գլխավոր քարտուղարը
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի ապրիլի 22-ին Երևան կժամանի Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հ. Մ. Շոլցը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Դատախազությունից, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազության և օտարերկրյա պետությունների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցության զարգացման ուղիներին, ինչպես նաև` ԴՄԱ-ի՝ 2010 թվականի տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր: Գլխավոր դատախազի այս առաջարկին տրվել է նախնական համաձայնություն:
Բացի այդ՝ նախատեսվում է, որ 2010 թ. Հայաստանում կանցկացվի նաև Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսը: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկն ընդունվել է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի կողմից, որի մասին հայտնել է Խորհրդի քարտուղար տիկին Աննա Կապելոն՝ Երևանում ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստանում էր ապրիլի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրի փոխանցմամբ` աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են կոնֆերանսի կազմակերպմանը և ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, որոնց շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: