21/04/2009 11:39
Օբաման պահանջեց 100 միլիոնով կրճատել բյուջեն
Կառավարության հետ իր առաջին հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջեց գործադիրից երեք ամիսների ընթացքում կրճատել դաշնային բյուջեն` 100 միլիոն դոլարով: Այդ քայլը պայմանավորված է բյուջեյի դեֆիցիտը մասամբ կրճատելու պատճառով, քանի որ 2009 թվականի երրորդ եռամսյակի վերջում այն կարող է կազմել 1,7 տրիլիոն դոլար: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով AP գործակալությանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա չի համարում այդ քայլը «ծովում մի կաթիլ», Օբաման կատակով պատասխանեց. «Հարյուր միլիոն այստեղ, հարյուր միլիոն այնտեղ, կտեսնեք, որ Վաշինգտոնում լավ գումար է կուտակվել»:
Մինչ այդ Օբամայի վարչակազմը ֆինանսական մեծ լցումներ էր կազմակերպում` ճգնաժամի պայմաններում ամերիկյան տնտեսությունն ակտիվացնելու նպատակով: Ըստ Օբամայի, «դա արվեց ճիշտ», սակայն կառավարությունը պետք է անի հնարավորինս շատ, որպեսզի դրամական միջոցները օգտագործվեն առավել արդյունավետ, ինչի համար էլ բյուջեն կրճատվում է:
Դեռ փետրվարին հաստատվել էր այսպես կոչված «Օբամայի ծրագիրը», համաձայն որի պետությունը 838 միլիարդ դոլար կհատկացնի` ազգային տնտեսության փրկությանը: Ֆինանսական ճգնաժամի առաջին ամիսներին դեռ Ջորջ Բուշի վարչակազմը ընդունել էր բանկային հատվածի օգնության ծրագիր, ըստ որի նախատեսվում էր ավելին քան 700 միլիարդով «վատ ակտիվների» գնում: Ամերիկյան բիզնեսին պետական աջակցության ընդհանուր ծավալը, հարկերի նվազեցումը հաշված, պետք է կազմի համարյա 3 տրիլիոն դոլար: