23/04/2009 11:43
Արոնյանը կրկին միանձնյա առաջատար է
Երեկվա լրահոսում արդեն անդրադարձել ենք Նալչիկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Վլադիմիր Հակոբյանի ելույթներին: Ուշ երեկոյան պայքարը դեռ շարունակվում էր Իվանչուկ-Լեկո պարտիայում: Պետեր Լեկոն տուրից առաջ իր ակտիվում 3,5 միավոր ուներ և հաղթանակի դեպքում կարող էր հավասարվել առաջին հորիզոնականում ընթացող Լևոն Արոնյանին: Հենց նշված հանգամանքն էր մեր ուշադրությունը բևեռել այդ պարտիայի վրա: Սակայն վերջին հորիզոնականը լքելու հուսահատ փորձեր կատարեղ ուկրաինացի Վասիլի Իվանչուկին հաջողվեց կես միավոր վաստակել այս պարտիայում: Այսպիսով` Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 4-ական միավորով նրան հաջորդում են 5 շախմատիստներ` Կարյակինը, Ալեքսեևը, Գրիշչուկը, Լեկոն և Սվիդլերը: Հակոբյանը, Մամեդյարովը, Կասիմժանովը և Բակրոն իրենց ակտիվում ունեն 3,5-ական, Կամսկին ու Էլյանովը` 3-ական, Գելֆանդը` 2,5, Իվանչուկը` 2 միավոր:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցակցի Պյոտր Սվիդլերի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Եվգենի Ալեքսեևի հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն.
Կարյակին-Գրիշչուկ
Լեկո-Բակրո
Կասիմժանով-Գելֆանդ
Կամսկի-Էլյանով
Մամեդյարով-Իվանչուկ