24/04/2009 12:54
Թենիսիստուհիներն ասպարեզում կհայտնվեն սգո թևկապներով
Ապրիլի 19-ից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Մալթայում մասնակցում է «Ֆեդերացիայի գավաթի» (Fed cup) խաղարկությանը: Մեր թիմն ընդգրկված է եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբում: Արդեն կայացած երեք տուրերում հայ թենիսիստուհիները միայն հաղթանակներ են տոնել` հաջորդաբար պարտության մատնելով Մոլդովայի (3:0), Լիխտենշտեյնի (2:1) և խմբում ամենուժեղ թիմի համարում ունեցող Նորվեգիայի (3:0) հավաքականներին:
Այսօր Եգիպտոսի ընտրանու հետ խաղում մեր թենիսիստուհիները կորտում կհայտնվեն սգո թևկապներով: Այս մասին մեր թղթակցին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արևիկ Ուդումյանը: Նա ավելացրեց նաև, որ, հնարավոր է, հանդիպման մեկնարկում թիմերը և երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեն Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իսկ վաղը «Ֆեդերացիայի գավաթի» խաղարկության շրջանակներում մեր թիմը կանցկացնի վերջին հանդիպումը` մրցակցելով իսլանդացիների հետ: Ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը գերազանց հնարավորություններ է պահպանում` հաղթելու մրցաշարում և տեղափոխվելու 2-րդ խումբ: