25/04/2009 14:13
Հայ թենիսիստուհիները պարտության մատնեցին Եգիպտոսի թիմին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Մալթայում մասնակցում է «Ֆեդերացիայի գավաթի» (Fed cup) մրցաշարին: Եվրո-աֆրկյան գոտու 3-րդ խմբում հայ թենիսիստուհիներն առաջին երեք տուրերում հաջորդաբար պարտության մատնեցին Մոլդովայի (3:0), Լիխտենշտեյնի (2:1) և Նորվեգիայի թիմերին (3:0): Հերթական տուրում մեր հավաքականի մրցակիցը Եգիպտոսի թիմն էր: Հայ թենիսիստուհիները խաղադաշտ մտան սգո թևկապներով, իսկ մարզահամալիրում տեղ գտած մարզասերներն ու թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ուրախալի է, որ Հայաստանի հավաքականն այդ օրը հերթական վստահ հաղթանակը տոնեց` 3:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ:
Այսօր տեղի ունենալիք վերջին` Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ազգային ընտրանին գլխավորում է մրցաշարային աղյուսակը և հիանալի հնարավորություն ունի` տեղափոխվելու 2-րդ խումբ ու մրցակցելու առավել ուժեղ հավաքականների հետ: