29/04/2009 13:27
Արոնյանի և Լեկոյի հզոր դիմակայության ակնկալիքով
Նալչիկում ընթացող շախմատային «Գրան Պրի» մրցաշարի 11-12-րդ տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին հաջողվեց փրկվել միայն հերոսական պաշտպանության շնորհիվ: Կասիմժանովն ու Կամսկին, թվում էր, ի վերջո, կկարողանան պարտիան ավարտել իրենց օգտին, սակայն Լևոնին, անկեղծ ասած, այնքան էլ հեշտ չէ ստիպել, որպեսզի հանձնվի:
Այսպիսով, հաղթողներից մեկն արդեն հայտնի է: Խոսքը Լևոն Արոնյանի մասին է, ով վերջին տուրից առաջ 7,5 միավոր ունի: Այսօր վերջին տուրի շրջանակներում նա հանդիպելու է Պետեր Լեկոյի հետ, ով նույնպես 7,5 միավոր է վաստակել: Եվ հենց նրանց միջև կայանալիք մենամարտում կորոշվի, թե վերջնարդյունքում ով է գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Թվում է` կարձանագրվի ոչ-ոքի, և երկուսն էլ հաղթող կհռչակվեն: Ի դեպ, Լեկոն 12-րդ տուրում առավելության հասավ Կասիմժանովի նկատմամբ: Հունգարացի շախմատիստը փոքր ուժերով հիանալի գրոհ կազմակերպեց և արդյունքում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին:
Այսօր տեղի ունենալիք 13-րդ տուրում կհանդիպեն.
Արոնյան-Լեկո
Բակրո-Ալեքսեև
Սվիդլեր-Գրիշչուկ
Էլյանով-Հակոբյան
Գելֆանդ-Կարյակին
Իվանչուկ-Կամսկի
Կասիմժանով-Մամեդյարով