29/04/2009 11:30
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական բարի գործը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 106 մլն դրամ է հատկացրել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»-ի ստեղծման համար, որի բացումը տեղի ունեցավ ապրիլի 28-ին:
«Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնն» իր գործունեությամբ կնպաստի արյան մահացու հիվանդություններով տառապող մարդկանց արդյունավետ բուժմանը, հայ և այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ը շահույթ չհետապնդող, բարեգործական կազմակերպություն է և շուրջ 10 տարի շարունակ իր գործունեությունն է ծավալում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
ՈԴՀՌ-ի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարել արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Կազմակերպության նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, ապահովել փոխպատվաստման առավելագույն արդյունավետություն լեյկեմիայով հիվանդների համար, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում և ստեղծել ռեեստրի համահայկական ցանց:
Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է 14.000 դոնոր, ռեեստր դիմած 1276 հիվանդից պոտենցիալ համընկում եղել է 821-ի մոտ և իրականացվել է ոսկրածուծի/ցողունային բջիջների 9 փոխպատվաստում: «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»-ի ստեղծումը և այն գերժամանակակից սարքավորումներով հագեցնելը ՈԴՀՌ-ի կարևորագույն և առաջնային նպատակներից էր:
Կենսափրկիչ առաքելություն որդեգրած Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի բոլոր ծրագրերը, այդ թվում, «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծումը, համահայկական հարթության ծրագրեր են: Կենտրոնի ստեղծումն ու նրա հետագա գործունեության շառավիղները, այսպիսով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մի անբաժանելի բաղկացուցիչն են և իրականություն դարձան նաև Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունների և անհատ բարեգործների օժանդակության և շուրջ կես միլիարդ դոլարի հասնող անհատույց նվիրատվությունների արդյունքում:
«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որպես ՈԴՀՌ հիմնադրամի երկարամյա կորպորատիվ գործընկերն ու աջակիցը, այս անգամ ևս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված կյանքերի փրկության վեհ առաքելության իրականացմանը», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցողունային բջջիների հավաքագրման կենտրոն»-ի բացումն անկասկած նշանակալից իրադարձություն է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում, ինչը հնարավոր դարձավ Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության զգալի նյութական աջակցության շնորհիվ, առանց որի անհնարին կլիներ արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների ու այլազգիների կյանքի փրկության համար այնքան անհրաժեշտ կենտրոնի ստեղծումը, կայացումը, արդիական տեխնոլոգիաներով հագեցումը», - ասաց ՈԴՀՌ-ի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը: