30/04/2009 18:29
Ֆրանսիայի ԱԷԿ-ը ենթարկվել է տարհանման
Ֆրանսիական Շինյոն քաղաքում գտնվող ատոմակայանից տարհանվել է մոտ 200 աշխատակից` ԱԷԿ-ում տեղադրված ռումբի մասին անանուն զանգ ստանալուց հետո: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ` հատուկ վարժեցրած շներով, սակայն ռումբ մինչ այժմ չի հայտնաբերվել:
Տեղական իշխանույթունների տվյալներով` զանգը կատարվել է Շինյոն քաղաքում տեղակայված փողոցային հեռախոսախցիկից:
Ինչպես նշում է «Reuters»-ը, Շինյոնում գտնվող ատոմակայանը զինված է չորս 900 Մվտ հզորությամբ ռեակտորներով: Այն ապահովում է էլեկտրականությամբ Ֆրանսիայի բնակչության վեց տոկոսին:
Վերջին ամիսներին կայանի աշխատակիցները մի քանի ցույցեր են անցկացրել: Արհմիությունները, որոնք փորձելու են հասնել աշխատավարձի հինգ տոկոս բարձրացման և հավելավճարների վճարման, ապրիլի 30-ին նախատեսել են նոր բողոքի ակցիաներ: