30/04/2009 16:24
Ապօրինի ձեռնարկատիրությունից 26 մլն դրամ
«Խոշոր բիզնեսը, որպես կանոն, գրանցվում և հաշվառվում է հարկային մարմնում: Եթե նկատվում է միայն իրական ծավալները թաքցնելու երևույթ, ապա փոքր ձեռնարկատիրություններին հաճախ հարկային դաշտ բերելու և հաշվառելու խնդիր է առաջանում, այսինքն` փոքր ու միջին բիզնեսի դեպքում հարկային մարմինները գործ են ունենում նաև ապօրինի ձեռնարկատիրության հետ»,- վստահ է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:
Այսպես, ըստ բանախոսի, 2008-ի վերջին և 2009-ի առաջին եռամսյակների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և հարկային դաշտ են բերվել ապօրինի գործող ավելի քան 140 ձեռնարկություններ: «Որոշ դեպքերում ապօրինի ձեռնարկատիրական գործողությունը դադարեցվել է: Ապօրինի ձեռնարկատիրությունների հայտնաբերման արդյունքում պետբյուջե կուղղվի շուրջ 26 մլն դրամ»,- նշեց Ռ. Քոչարյանը:
Ապօրինի ձեռնարկություններն արտադրում են, հիմնականում, լայն սպառման ապրանքներ` հաց, հրուշակեղեն, որոնք, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, «մեղմ ասած, հակահիգիենիկ վիճակում են արտադրվել»: