01/05/2009 17:51
Գևորգ Աղայանը հաղթեց Իվան Դեմիդովին
«Իվանի հաղթանակը» պոկերի ակցիայի շրջանակներում, որն անցկացնում էր «PokerStar»-ը, ընտրական մրցաշարերի հաղթողներն իրավունք ստացան մեկնել Մոնտե Կառլո, որտեղ մեկ սեղանի շուրջ պետք է մրցակցեին Իվան Դեմիդովի հետ` դրամական մրցանակի և «Եվրոպոկերտուրի» գրանդ-եզրափակչի մասնակցության իրավունքի համար:
Ռուս Իվան Մակարենկոն և Թիմուր Չեռնովը չկարողացան ժամանել մրցավայր, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Աղայանը ոչ միայն տեղ հասավ, այլև «մեկը մեկի դեմ» խաղում միանգամայն անսպասելիորեն հաղթեց իր հռչակավոր մրցակցին: «Իվանի հետ խաղալը շատ հետաքրքիր էր,- Գևորգ Աղայանի խոսքերը մեջբերել է championat.ru-ն:- Ինձ համար այնքան էլ դժվար չէր, չնայած, իհարկե, նյարդայնանում էի: Ուրախ եմ, որ եկա ու հաղթեցի: Ես նաև ընդգրկվեցի գլխավոր իրադարձության մասնակիցների շարքում, ինչը շատ բարձր եմ գնահատում»:
Ինքը` Դեմիդովը, ավելի կարճ է արտահայտվել. «Գևորգն արժանի մրցակից է, շնորհակալ եմ խաղի համար»: