06/05/2009 18:17
Ճգնաժամի առանձնահատկությունները
«Սա իսկապես գլոբալ ճգնաժամ է, և նույնիսկ 29-33-ականների մեծ դեպրեսիան այսքան գլոբալ չէր»,- այսօր լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը և հավելեց, որ, իր կարծիքով, Հայաստանում գրեթե անհնար կլինի տնտեսական աճի դրական տեմպեր արձանագրել 2009 թվականի կտրվածքով, իսկ լավագույն սցենարը կլինի շատ փոքր տնտեսական անկումը:
Մանուկ Հերգնյանն ասաց, որ շատ բարդ խնդիր է ճգնաժամի կանխատեսումը, բայց, այնուամենայնիվ, առանձնացրեց 3 սցենար: Առաջինը, ըստ բանախոսի, այն է, որ շատ արագ, այսինքն` մինչև տարեվերջ, վերականգնում տեղի կունենա, և հիշեցրեց, որ դեռ երեկ ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն հայտարարել է, որ Ամերիկայի տնտեսությունը կարող է սկսել իր վերականգնումը 2009 թվականի վերջում, ինչը, Մ. Հերգնյանի կարծիքով, լավատեսական սցենար է:
Երկրորդ սցենարով` տնտեսական ճգնաժամը կտևի 3-4 տարի, այսինքն` միջին ճգնաժամերի նման, ինչը ենթադրում է, որ ճգնաժամը արդեն մի տարի է, ինչ սկսվել է` հաշվի առնելով նաև ճգնաժամի թաքնված փուլը, իսկ վերականգնումը կտևի 2-3 տարի:
Եվ երրորդը, բանախոսի կարծիքով, այն դեպքն է, երբ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքա՞ն կարող է տևել ճգնաժամը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունը մեզ որոշակի առավելություններ է տալիս այլ երկրների նկատմամբ»,- ասաց Մ. Հերգնյանը և պարզաբանեց, որ ԱՄՆ-ում ճգնաժամը սկսվել է ֆինանսական սեկտորից և հիմնական խնդիրը կապված է այն բանի հետ, որ անհիմն ուռճացվել էին ֆինանսական ռեսուրսների տրամադրումը:
Բանախոսը նշեց նաև, որ ինքն համամիտ է շատ տնտեսագետների հետ, ովքեր մտահոգված են, որ ճգնաժամը կարող է ավարտվել ավելի շուտ, քան հնարավոր կլինի դրանից դասեր քաղել: