07/05/2009 17:02
Մասնակիցների թիվը 48-ից հասել է 51-ի
Երևանում մայիսի երրորդ տասնօրյակում կայանալիք 2009 թ. աշխարհի պատանեկան առաջնության մասնակից երկրների թիվն արդեն հասել է 51-ի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը: Մասնակցության հայտ ներկայացրած վերջին երեք երկրներն են Գանան, Չեռնոգորիան և Վենեսուելան: Ընդ որում` Գանան կներկայացնի 6, Վենեսուելան` 9, իսկ Չեռնոգորիան` 1 մարզիկների:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ը բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակցության հայտերի վերջնաժամկետն էր: Շատ երկրներ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև իրենց մարզական միջոցառումների պլանների պատճառով չեն հասցրել ժամանակին մասնակցության որոշում կայացնել: Այնուամենայնիվ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և ԱԻԲԱ-ի միջև կա համաձայնություն` չմերժելու միջազգային կարգի մարզական այս խոշոր միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ոչ մի երկրի, անկախ այն հանգամանքից, թե երբ է հայտը ներկայացվում: