07/05/2009 10:18
Վրաստանյան ընդդիմությունն այսօր արտահերթ ասուլիս է հրավիրում
Այս գիշեր վրաստանյան ընդդիմության ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում ճշգրտել են իրենց հետագա անելիքները:
«Ժողովրդի կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին խորհրդակցությունից հետո հայտնել է, որ հինգշաբթի օրը` կեսօրին ընդդիմության ներկայացուցիչները արտահերթ մամլո ասուլիս կհրավիրեն: Ինչպես հաղորդում է Interfax-ը, Դավիթաշվիլին փոխանցել է, որ այսօր տեղական ժամանակով 12.00-ից մինչև 17.00-ն Վրաստանի խորհրդարանի առջև կսկսվի ընդդիմության կողմնակիցների հավաք: Նա նաև նշել է, որ իշխանություններին ներկայացրած ուլտիմատումը ուժի մեջ է և, եթե մինչև 17.00-ն ներքին գործերի նախարարությունը ազատ չարձակի ավելի վաղ ձերբակալած երիտասարդ ընդդիմադիրներին, ընդդիմությունը գործողություններ կձեռնարկի` վերջիններիս ազատելու համար:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նախօրեին խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության հետ բախման հետևանքով կան վիրավորներ: Մասնավորապես, ընդդիմադիր առաջնորդներ Լևան Գաչեչիլաձեն և Դավիթ Գամկրելիձեն գլխի հատվածում վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են մնալ հիվանդանոցում: Հիվանդանոցում չի ցանկացել մնալ նաև Լևան Գաչեչիլաձեի եղբայրը` երգիչ և կոմպոզիտոր Գեորգի Գաչիչելաձեն, որի կողոսկրերը ջարդված են:
Նույն աղբյուրը նաև հաղորդում է, որ Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հերքել է ընդդիմադիր առաջնորդների պնդումներն առ այն, որ հատուկ ջոկատայինները ՆԳ նախարարության շենքի մոտ ռետինե փամփուշտներով կրարկել են ընդդիմադիրների վրա:
«Հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ չեն օգտագործել, իսկ ընդդիմադիր առաջնորդների և նրանց կողմնակիցների ստացված վնասվածքները մահակների կիրառման հետևանք են, որոնք օգտագործվել են երբ ընդդիմադիրները փորձել են ներխուժել ՆԳ նախարարության շենք», - հայտարարել է Շ. Ուտիաշվիլին «Ուցնոբի» ռադիոկայանի եթերում:
Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցչի` ընդդիմադիրները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 6 ոստիկան:
Մինչ այդ, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ընդդիմադիր հեռուստաալիքները տեսաերիզ են ցուցադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ռետինե փամփուշտներով կրակում անզեն ցուցարարների վրա:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17