08/05/2009 11:19
Արմեն Երիցյանն ընդունել է Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանն ընդունել է Մարդկանց շահագործման` թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի առաջին տեղակալը նշել է, որ մարդկանց շահագործման դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ՀՀ ոստիկանությունը ակտիվ համագործակցում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Միգրացիայի միջազգային կազմակերպության և այլն:
ԵԱՀԿ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ մասնակցել են միջազգային խորհրդաժողովների և սեմինարների, համագործակցություն է իրականցվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ, որն իր կարևոր ներդրումն ունի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի մշակման, ազգային ուղղորդման մեխանիզմի ստեղծման, թրաֆիքինգի հարցերին նվիրված սեմինարների, կլոր սեղանների կազմակերպման հարցերում և այլն:
Աղբյուրի փոխանցմամբ` Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդեն շնորհակալություն հայտնելով համակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար` նշել է, որ ԵԱՀԿ-ն այն առանցքային միջազգային կազմակերպություններից է, որը տարածաշրջանում, ներառյալ Հայաստանը, արդյունավետ աջակցում է պետական և հասարակական կազմակերպությունների` թրաֆիքինգի դեմ պայքարին ուղված ջանքերին, իսկ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներն օգնում են խորացնելու և ամրապնդելու Հայաստանում հակաթրաֆիքինգային համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: