08/05/2009 11:45
«ԵՄ-ն Ռուսաստանի հետ փոխզիջման գնալ չի պատրաստվում»
Էներգակիրների «Հարավային միջանցք կամ նոր մետաքսի ճանապարհը» համաժողովը կմեկնարկի այսօր` Պրահայում: Համաժողովի ժամանակ ծրագրվում է ստորագրել փաստաթուղթ` Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող գազատարների կառուցման աշխատանքների արագացման վերաբերյալ:
Փաստաթուղթը, որի նախագիծը «Կոմերսանտ» թերթի ձեռքի տակ է հայտնվել, նախատեսում է համաձայնագրերի ստորագրում` Nabucco գազատարի շուրջ համաձայնությունների ավարտը մինչև հունիսի վերջ իրականացնելու և էներգակիրների տրանսկասպիան փոխադրման օժանդակություն: Այս մասին գրում է Ռիա Նովոստին` վկայակոչելով «Կոմերսանտին»:
«Այդ ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում Մոսկվային զրկել Կենտրոնական Ասիայից էներեգակիրների արտահանման մենաշնորհից: Դա նշանակում է, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ էներգակիրների հարցով փոխզիջման գնալ չի պատրաստվում»,- գրում է «Կոմերսանտը»:
«Համաժողովի արդյունքը կլինի քաղաքական համաձայնագրի ընդունումը, որը կապահովի Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից էներգակիրների անվտանգ տեղափոխումը եվրոպական շուկաներ և կդառնա ԵՄ-ի էներգետիկ անվտանգության երաշխավորը»,- «Կոմերսանտին» հայտնել է Եվրախորհրդի Էներգետիկայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ֆերան Տարանդելես Էսպունին:
Nabucco-ն առաջին հերթին Ավստրիայի և Գերմանիայի նախագծած գազատարի մայրուղի է` Կենտրոնական Ասիայից ԵՄ երկրներ 3,3 հազար կմ հեռավորությամբ: Այն կդառնա արդեն դեպի Թուրքիա անցկացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը: