08/05/2009 14:54
Արոնյանը երրորդ տեղում է
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2008-2009 թթ. «Գրան Պրի» մրցաշարի վարկանշային նոր սանդղակը: 363,33 միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանում են Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Գրիշչուկը և Թեյմուր Ռաջաբովը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 360 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:
Բաքվեցի Թեյմուր Ռաջաբովը Արոնյանին, ինչպես երևում է ցուցակից, գերազանցում է ընդամենը 3,33 միավորով: Ադրբեջանցի գրոսմայստերը, սակայն, մասնակցել է երեք մրցաշարի, որոնցից մեկը կայացել է Ադրբեջանի մայրաքաղաքում: Բաքվում նա բաժանել է 8-10-րդ տեղերը և ստացել 60 միավոր:
Ալեքսանդր Գրիշչուկը Նալչիկում ավարտել է «Գրան Պրիում» իր ելույթները: Երեք լավագույն արդյունքների գումարով ներկայումս նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի հաջորդ «Գրան Պրի» մրցաշարն օգոստոսի 8-24-ին տեղի կունենա Երևանում: Եվ եթե Արոնյանին կրկին հաջողվի հաղթել, ապա ժամկետից շուտ կնվաճի սերիայում հաղթողի կոչումը և հնարավորություն կստանա մասնակցել հավակնորդների մրցաշարին: Հայաստանի մայրաքաղաքում, սակայն, Արոնյանը լուրջ մրցակիցներ կունենա: Խոսքը հատկապես ռուս Դմիտրի Յակովենկոյի և հունգարացի Պետեր Լեկոյի մասին է: Այդ գրոսմայստերները նույնպես երկու մրցաշարի են մասնակցել և իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում կարող են պայքարել հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար: Հիշեցնենք, որ «Գրան Պրի» սերիայի ընդհանուր հաշվարկով լավագույն երկու շախմատիստները միայն կկարողանան մասնակցել այդ մրցաշարին:
Ակնհայտ է նաև, որ ուղեգրերի համար ուժեղ պայքար կծավալվի եզրափակիչ` 6-րդ մրցաշարում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ՖԻԴԵ-ն անցկացման վայրը դեռ չի անվանել:
«Գրան Պրի» սերիայի վարկանշային սանդղակի լավագույն տասնյակը
Բաքու Սոչի Էլիստա Նալչիկ Ընդ.
1. Թեյմուր Ռաջաբով 60 150 153,33 – 363,33
2. Ալեքսանդր Գրիշչուկ 105 45 153,33 105 363,33
3. Լևոն Արոնյան - 180 - 180 360
4. Վան Յուե 153,33 120 80 – 353,33
5. Վուգար Հաշիմով 153,33 65 110 – 328,33
6. Դմիտրի Յակովենկո – 90 153,33 – 243,33
7. Շահրիյար Մամեդյարով 105 – 80 55 240
8. Գատա Կամսկի 60 120 – 55 235
9. Պյոտր Սվիդլեր 85 90 – 55 230
10. Պետեր Լեկո - - 80 140 220