11/05/2009 14:37
Ինչ ուժով հարվածես արժեզրկմանը, ավելի մեծ ուժով կհակազդի քեզ
«Դրամական փոխանցումները տարիների ընթացքում բարձրացել են, 2008-ին Ռուսաստանից ստացվող մասնավոր փոխանցումները հասել են 25 մլրդ ԱՄՆ դոլարի: Հայաստանն էլ այս գումարից պտուղներ է քաղել, իսկ ամենից շատ քաղել է Տաջիկստանը: Բայց այս տարի պետություններից շատերում էապես նվազել են փոխանցումները», - նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը:
Այսօր անցկացված «տարածաշրջանի տնտեսական հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» ուսումնասիրությունների ամփոփման արդյունքներն, ըստ Ռ. Սահայի, լուրջ են, բայց «ահագնացող չեն»:
Թեև, ըստ այդ արդյունքների, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում պահուստներն էապես կրճատվել են, այժմ որոշակի կայունություն է նկատվում:
«Պահուստների մի մասը ծախսվեցին փոխարժեքի պահպանման համար: Պետական եկամուտները նվազում են, որովհետև տնտեսական աճի ցուցանիշները նվազել են, դրա արդյունքում ավելի քիչ հարկ են հավաքում, ավելի շատ ծախսում: Շատ երկրներ արդեն սկսել են մտածել երկարաժամկետ պարտքի երկարացման մասին»,- ասաց Ռ. Սահայը:
Նա տեղեկացրեց, որ գիտակցված անվանական փոխարժեքի արժեզրկումը տարածաշրջանի տարբեր երկրերում տարբեր ժամանակներ գրանցվեց: Ղազախստանում, օրինակ, սեպտեմբերին է սկսել արժեզրկումը, Վրաստանում` հոկտեմբերին, իսկ փետրվարին` Տաջիկստանում:
«Որքան ավելի երկար են դիմադրել իշխանություններն արժեզրկմանը, այնքան ավելի շատ են կորցրել, ու կտրուկ էր արժեզրկումը: Այդպես էր հայկական դրամի դեպքում: Արժեքների վրա ճնշումներ եղան, Ռուսաստանում արժեզրկումն էլ ավելի կտրուկ եղավ` չնայած վերջերս ռուբլին որոշակի չափով արժևորվել է»,- նշեց Ռ. Սահայն ու տեղեկացրեց, որ նվազել են նաև վարկավորման ցուցանիշները:
«Փոխարժեքի արժեզրկում տեղի ունեցավ վարկերի պակասից. վարկատուները գիտակցում են, որ, հավանաբար, պարտքերը կարող են չմարվել, ուստի պահուստներն են ավելացնում: Վարկավորման ծավալների աճը 2007-ին 60 տոկոս էր, 2009-ին` 0-5 տոկոս կլինի, աննախադեպ ցածր ցուցանիշ, որը պայմանավորված է տիրող վիճակով»,- տեղեկացրեց Ռ. Սահայը: