11/05/2009 14:08
Հիմնական գերակայությունը պատրաստակամությունն է
Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայն այսօր «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» ուսումնասիրությունների ամփոփման ժամանակ հայտնեց, որ կառավարությունները տնտեսական ճգնաժամի պայմաններում, զգալով արտաքնածին ցնցումների հետևանքը, նախաձեռնողական քայլեր են իրականացնում և որոշակի խթան են տալիս բյուջեին:
«Բայց որքան էլ փորձեն ավելացնել բյուջեն, պետք է հաշվի առնեն, թե դա ինչպե՞ս է ազդելու արտաքին պարտքի վրա: Որքան էլ ծախսես, պետք է կարողանաս կրել, տանել այդ պարտքը կամ մի տարբերակ էլ կա, կարելի է զսպողական լինել: Մեծ հաշվով ճիշտ քաղաքականություն են իրականացնում, բայց չպետք է մոռանալ արտաքնածին ազդեցությունները», - ընդգծեց Ռ. Սահայը:
Նա հայտնեց, որ, իրենց ուսումնասիրությունների արդյունքում, տարածաշրջանում 4 հիմնական գերակայություններ են գրառվել, որոնք «պետք է աշխատեն»:
«Նախ կառավարությունները պետք է երաշխավորեն արտաքին կայունությունը, այսինքն` թույլ ես տալիս, որ շատ ավելի ճկուն լինի փոխարժեքը, որ ճնշման տակ չհայտնվի, արտաքին պահուստները պետք է բավականաչափ բարձր լինեն: Երկրորդ` պետք է հաղթահարել չաշխատող վարկերի ցուցանիշը, երրորդ` կառավարությունները պետք է ցիկլին հակընդդեմ բյուջետային քաղաքականություն վարեն` այնպես անելով, որ արտաքին պարտքերը շատ չաճեն: Դրա համար պետք է նաև միջազգային կառույցներից ստանալ վարկեր կամ ավելի ճիշտ կլինի դիմել դոնորներին ու ստանալ դրամաշնորհներ», - նշեց Ռ. Սահայն ու վերջին` հիմնական գերակայությունը համարեց պատրաստակամությունը:
«Եթե իրավիճակը վատթարանա, ես չեմ ասում, թե պետք է վատթարանա, բայց եթե նման բան լինի, պետք է կառավարությունը պատրաստ լինի դրան»,- ասաց նա: