13/05/2009 10:28
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ
Այսօր կայացավ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստը, որի համանախագահներն են` հայկական կողմից` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ-ի կողմից` ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը:
Մինչ նիստի մեկնարկը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նիստի ժամանակ կքննարկվեն մի շարք հարցեր:
«Այդ հարցերը կապված են տարածաշրջանային համագործակցության հետ` տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության ոլորտներում, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացնենք: Զարգացման ծրագրերի շուրջ կան առաջարկներ, Հազարամյակի մարտահրավերների հետ կապված միջոցառումներ, քննարկումներ, այդ թվում նաև նոր քաղաքականության շուրջ բանակցությունների հիմք է դրված` կապված ազատ առևտրի հետ», - մանրամասնեց նախարարը:
Հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ և ԱՄՆ պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Նիստին հրավիրված են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ նախորդ նիստը տեղի է ունեցել 6 ամիս առաջ և, ինչպես տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, այդ նիստի արդյունքում կազմված արձանագրությունը, եթե այսօր հավանության արժանանա, ապա կհրապարակվի: