13/05/2009 18:26
ՈՒԵՖԱ-ն անվանել է «Եվրո-2012»-ի քաղաքները
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Բուխարեստում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում անվանվել են այն քաղաքները, որոնցում տեղի են ունենալու Եվրոպայի 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները: Լեհաստանում դրանք կկայանան Վարշավայում, Պոզնանում, Գդանսկում և Վրոցլավում: Ուկրաինական քաղաքներից դրական գնահատականի է արժանացել միայն Կիևը, որտեղ պետք է կայանա առաջնության եզրափակիչ խաղը: Դոնեցկի, Լվովի ու Խարկովի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի մինչև 2009 թ. նոյեմբերի վերջը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի բացառել, որ եզրափակիչը Կիևից կարող է տեղափոխվել Վարշավա, եթե Ուկրաինայի մայրաքաղաքի ենթակառուցվածքները չհամապատասխանեն եվրոպական ֆուտբոլային գերատեսչության պահանջներին:
«Ուկրաինան նախկինի պես դժվարություններ ունի «Եվրո-2012»-ի կազմակերպման գործում: Հսկայական խնդիրներ են առաջացել ենթակառուցվածքների ստեղծման հարցում: Ինչ վերաբերում է մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա այն Կիևում կանցկացվի միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի մայրաքաղաքը մինչև նոյեմբերի վերջը կատարի որոշակի պահանջներ` կապված օդանավակայանի և մարզադաշտի հետ: Բոլոր չափանիշներով Կիևը հարմար է նման մակարդակի խաղերի համար միայն մինչև կիսաեզրափակիչ փուլը: Եթե պահանջները չկատարվեն, ապա «Եվրո-2012»-ի եզրափակիչը կհյուրընկալի Վարշավան»,- ասել է Պլատինին: