14/05/2009 11:50
Ցոլակ Անանիկյանի տպավորիչ հաղթանակը
Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Մայիսի 13-ին իրենց մենամարտերը տանուլ են տվել Դերենիկ Գիժլարյանը (54 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ) և Սամվել Մաթևոսյանը (69 կգ):
Գերազանց է հանդես եկել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը (91 կգ)` նոկաուտով հաղթելով իր ավստրալացի մրցակցին:
Այսօր ռինգ դուրս կգան Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ) և Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Ազատի հակառակորդը Հնդկաստանից է, իսկ Հրաչիկինն ու Անդրանիկինը` Իռլանդիայից:
Վաղը պայքարի մեջ կմտնի նաև Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ով այս անգամ հանդես կգա 51 կգ քաշային կարգում, քանի որ այս մրցաշարում 48 կգ քաշում մրցակից չկա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: