18/05/2009 19:26
ԱՄՀ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին և Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին:
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը` արդյունավետ աշխատանքի համար: Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների և հաղթահարման ուղիների վերաբերյալ:
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը: