19/05/2009 11:01
ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի հարցերը կքննարկվեն Երևանում
Այսօր Երևանում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհուրդը, որը 2008 թվականից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված ռեկոմենդացիաների կիրառման և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը:
Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են կոլեկտիվ ներդրումների ոլորտը կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, արժեթղթերի շուկաներում մանիպուլյացիաների իրականացման և ինսայդերական տեղեկությունների անօրինական օգտագործման կանխարգելման միջազգային փորձը:
Տեղեկություն: ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: