19/05/2009 14:52
«Աննկատ մնաց մի շատ ուրախալի լուր»
Ջազմեն Արմեն Թութունջյանը, նույն Չիկոն այսօր հայտարարեց, որ Եվրատեսլիլի թոհուբոհի մեջ մեկ այլ` ավելի «մակարդակով» մրցույթում հայերը բարձր տեղեր են նվաճում, «բայց այդ մասին ոչ ոք չի իմանում»:
«Աննկատ մնաց մի շատ ուրախալի լուր. նույն օրերին Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոֆեստ երաժշտական միջոցառումը` դասական, փոփ և ջազ երաժշտության ոլորտներում: Հայաստանից «Արթ Վոյսես» խումբը վերադարձավ գրանպրիով»,- տեղեկացրեց նա:
Չիկոն ցավով նշեց, որ նման լայնամասշտաբ իրադարձությունները Հայաստանում մեկնաբանում են երկու հոգի` ինքն ու Արմեն Մանուկյանը, այն էլ «սահմանափակ լսարանի համար»:
«Պոպսան խեղդում է, մասսայական ճաշակն է գերիշխում, դրա համար շատերը նման միջոցառումներից տեղյակ չեն: Անգամ Կոմպոզիտորների միությունն է աչքաթող անում նման միջոցառումները», - ասաց Ա. Թութունջյանը:
Վերջում նա շնորհակալություն հայտնեց Շուշան Պետրոսյանին, ով հովանավորներ էր գտել, ու «Արթ վոյսես» խումբը կարողացավ մեկնել Բուխարեստ:
«Չլիներ Շուշանի հեղինակությունը, որի շնորհիվ նա կարողացավ հովանավորներ գտնել, մեր տղաները ոչ մի տեղ էլ չէին մեկնի, կմնային Երևանում: Այ, այսպիսի բաներն ենք մենք աչքաթող անում», - նշեց Չիկոն: