20/05/2009 17:30
Ռանյերին մտադիր է դատի տալ «Յուվենթուսին»
Կլաուդիո Ռանյերին, ով մոտ օրերս ազատվել է թուրինյան «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պարտականություններից, մտադիր է դիմել դատարան, որպեսզի փոխհատուցում ստանա ակումբից: Բանն այն է, որ նրա պայմանագիրը պարունակում է կետ, համաձայն որի աշխատանքից հեռացման դեպքում Ռանյերին կարող է փոխհատուցում ստանալ 1,5 մլն եվրոյի չափով: Իմանալով այդ մասին` թուրինյան ակումբը նրան ոչ թե ազատեց աշխատանքից, այլ պարզապես զրկեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: Այդ կերպ Ռանյերին կշարունակի աշխատավարձ ստանալ «Յուվենթուսում» մինչև 2010 թվականի վերջը: Այլ ակումբներից առաջարկ ստանալու դեպքում նա ստիպված կլինի «Յուվենթուսից» թույլտվություն խնդրել` բանակցություններ վարելու համար: Ինչպես տեղեկացնում է «La Repubblica»-ն, մասնագետն արդեն իր փաստաբան Մաթիա Գրասսանիին խնդրել է հայտ պատրաստել` դատարան դիմելու համար:
«Պայմանագրի ստորագրման ժամանակ գործադիր տնօրեն Ժան Կլոդ Բլանը խոստացավ, որ եթե ակումբի ղեկավարությունը դժգոհ լինի իմ աշխատանքից, ուժի մեջ կմտնի փոխհատուցման կետը»,- հայտարարել է Ռանյերին: