20/05/2009 17:14
Առաջնորդվել պատասխանատվության գիտակցումով
Ապագա տնտեսագետներին և մենեջերներին հասցեագրված ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության կարևոր թեմաներից էր նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինը:
«Առաջին հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես առաջնորդվում է հասարակության առջև իր պատասխանատվության գիտակցումով: Համոզված ենք, որ ցանկացած կայացած գործարար, կառավարիչ և տնտեսական միավոր պետք է առաջնորդվի այդ մոտեցումով»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Նա նշեց, որ ընկերությունը դրել է բիզնեսի և հասարակության միջև սոցիալական գործընկերության հիմնաքարը` համոզված լինելով, որ կոմերցիոն ընկերությունը պետք է իր եկամուտներից մաս հանի նաև հասարակությանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացավ դառնալ Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը` շնորհիվ իր արդի և վստահելի բջջային ծառայությունների և շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումների»,- ասաց Ռ. Յիրիկյանը` հավաստելով, որ ընկերության ռազմավարությունն ապացուցեց իր կենսունակությունը:
Ըստ Յիրիկյանի, գերազանց ցանցն ու ծածկույթը համարվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը:
«Կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացավ ստեղծել և կառուցել վստահելի ու ժամանակակից ռադիոծածկույթ Հայաստանում, որն էլ ավելի կատարելագործվեց շնորհիվ 3G ցանցի: 3G ցանցի մեկնարկով Հայաստանում սկսվեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր դարաշրջանը»,- փաստեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: