20/05/2009 15:14
Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նա դասախասություն կարդաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառավարման մշակույթի և կորպորատիվ քաղաքականության մասին:
Դասախոսության սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ասաց, որ չորս տարի առաջ իրենք համարձակվեցին «երազել և պարտավորություններ ստանձնել»:
«Այսօր ես կարող եմ փաստել, որ մեզ հաջողվել է հասնել մեր առջև դրված նպատակներին: 2005-ի հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ ցանցում կատարված առաջին զանգն ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը` Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Հետագա երեք տարիների ընթացքում մեր ընկերությունը կարողացավ ձեռք բերել լավագույն բջջային օպերատորի համբավը` գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար մատչելի դարձնելով իր հասանելի, բարձրորակ և հուսալի ծառայությունները», - նշեց Ռ. Յիրիկյանը:
Իր մեկժամյա դասախոսության մեջ նա ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան:
Ռ. Յիրիկյանը ևս մեկ անգամ հավաստեց, թե որքան շատ է ընկերությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիցների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում:
«Առանց որակյալ մասնագետների, անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես կազմակերպություն, աշխատանքի է հրավիրում միայն լավագույն մասնագետներին», - շեշտեց Ռալֆ Յիրիկյանը: