20/05/2009 14:53
Ուսանողները պրակտիկա կանցնեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում
Այսօր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ` համագործակցության պայմանագիր ստորագրելու մասին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շատ մեծածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում: Նաև համագործակցում է ուսումնական-գիտական բնագավառների հետ: Ըստ մեր համագործակցության պայմանգրի, մեր ուսանողներն ուսումնական պրակտիկա կանցնեն ընկերությունում, նաև աշխատանքի կտեղավորվեն այս կազմակերպությունում», - ասաց նա:
Ռեկտորը նաև նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ից մասնագետներ կհրավիրվեն համալսարան, որպեսզի կարդան դասախոսություններ: Սա, ըստ Սուվարյանի, հնարավորություն կտա բարձրացնել տնտեսագետ կադրերի որակավորումը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ իրենք սկսել են «արշավ ուսանողների հետ», և բացումը կատարվում է Տնտեսագիտական համալսարանից:
«Ուզում ենք մեր փորձը փոխանցենք ուսանողներին, կողմնորոշենք նրանց: Մեր դռները բացում ենք պրակտիկայի համար, որ ավելի մասնագիտացնենք ու աշխուժացնենք ուսանողների կյանքը», - ասաց Ռ. Յիրիկյանը:
Նա նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է, այսօր ընկերությունը նոր հորիզոններ է առաջարկում հայ մասնագետներին` ապահովելով կայուն աշխատատեղ և խոստումնալից աշխատանքային առաջընթացի հեռանկար:
Ռ. Յիրիկյանը նաև հավաստեց, որ ֆինասական ճգնաժամի պայմաններում բաժանորդների քանակի ավելացում է նկատվել, բայց ոչ անցած տարվա տեմպով:
«Միշտ տարվա սկիզբն իբրև դժվար սեզոն է հանդիսանում, առաջին 3 ամիսները տկար ցուցանիշներ են ցույց տալիս, ապրիլին շուկան աշխուժանում է: Ճգնաժամն ազդում է, աճն անցած տարվա պես աշխույժ չէ, բայց կա: Այժմ նախապատրաստական ամառային սեզոնն է սկսվում, իսկ մեր բաժանորդների քանակն ապրիլի վերջի դրությամբ եղել է 2 մլն 60 հազար»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: