21/05/2009 17:51
Սմբատ Հակոբյանն առաջին մեդալը պարգևեց Հայաստանի հավաքականին
Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարդան Միլիտոսյանը, ով հանդես է գալիս 50 կգ քաշային կարգում, 81+95=176 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Իսկ ահա 56 կգ քաշային Սմբատ Հակոբյանն առաջին մեդալն է պարգևել մեր հավաքականին: Արձանագրելով 100+138=238 կգ արդյունք` հայ պատանի ծանրորդն արժանացել է արծաթե պարգևի:
Ավելացնենք, որ այս պատասխանատու առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 8 մարզիկներ: Մրցաշարը վարկանշային է, և հայ ծանրամարտիկները պետք է պայքարեն պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Թիմային հաշվարկով 1-9-րդ հորիզոնականներում հայտնվելու դեպքում մեր թիմը Սինգապուրում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի երկու ուղեգիր ձեռք կբերի, իսկ 10-16-րդ տեղերը գրավելու դեպքում` 1 ուղեգիր: