21/05/2009 14:20
Արձանագրում են երկնիշ տնտեսական անկում
Ամերիկյան «The Wall Street Journal» հեղինակավոր պարբերականն այսօր անդրադարձել է ԱՄՆ խոշորագույն երեք առևտրային գործընկերների` Ճապոնիայի, Մեքսիկայի և Գերմանիայի տնտեսական աճի ցուցանիշներին և եզրակացրել. «Այս եռամսյակ գլոբալ պատկերն ավելի ակնառու է»: Ամերիկացի փորձագետ Բոբ Դեյվիսի հոդվածում նշվում է, որ ԱՄՆ գործընկեր երեք խոշորագույն տնտեսություններում արձանագրված խորը անկումը լավագույնս ընդգծում է համաշխարհային ճգնաժամի լրջությունը:
Նախօրեին Մեքսիկան պաշտոնապես հայտարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2009թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 21.4 տոկոս անկման մասին: Աղբյուրի համաձայն, սա աննախադեպ ցուցանիշ է` 1995 թվականին Մեքսիկայում գրանցված տնտեսական ճգնաժամից հետո:
Մեքսիկայից մեկ օր առաջ տնտեսական երկնիշ` 15.2 տոկոս անկման մասին էր հայտարարել Ճապոնիան: Այս ցուցանիշը Ճապոնիայի պատմության մեջ վատագույնն է` սկսած 1955 թվականից:
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նախորդ շաբաթ պաշտոնական Բեռլինը հայտարարել է ՀՆԱ-ի 14.4 տոկոս անկման մասին: Գերմանական տնտեսությունն իր հերթին վերջին անգամ նման անկում արձանագրել է հեռավոր 1970 թվականին:
Փորձագետի գնահատականով` նշված երկրներում նմանօրինակ տնտեսական անկումը պայմանավորված է ԱՄՆ-ի տնտեսությունում տիրող իրավիճակով: Հեղինակը հիշեցնում է, որ բոլոր երեք երկրների դեպքում էլ տնտեսությունը մեծապես կախված է ԱՄՆ կատարվող մատակարարումներից:
«Բոլոր երեք երկրներն էլ կախում ունեն ԱՄՆ կատարվող արտահանումից, և նրանց քիթը գետնին կպավ, երբ ԱՄՆ-ի սպառողները կրճատեցին ավտոմեքենաների, սարքավորումների և զանգվածային արտադրության արտասահմանյան այլ ապրանքների գնումները»,- պատկերավոր բացատրում է փորձագետն ու նշում, որ 2009 թվականի առաջին եռամսյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ կատարվող ներկրումների ծավալը կրճատվել է մոտ 30 տոկոսով և կազմում է 352.5 մլրդ դոլար:
Այս փաստագրումից հետո Բոբ Դեյվիսը կասկած է հայտնում այն առնչությամբ, թե 2009 թվականի երկրորդ եռամսյակը կտարբերվի առաջինից, ու լավատեսություն կտիրի: Նրա պնդմամբ, պատճառն այն է, որ ԱՄՆ կատարվող մատակարարումների կրճատման հետևանքով տնտեսական լուրջ անկում արձանագրած տնտեսություններն, իրենց հերթին, հանդիսանում են ԱՄՆ-ի կարևորագույն շուկաները, հետևաբար սպառումն ու ներդրումներն այստեղ շարունակելու են կրճատվել:
ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ 2009 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 6.3 տոկոսով: Դաշնային պահուստների համակարգից հայտնել են, որ իրենք «աստիճանական բարելավում» են ակնկալում միայն 2009 թվականի երկրորդ կեսին:
Նախօրեին ԵՄ անդամ երկրների 2009 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշները հրապարակել էր նաև Եվրոպական վիճակագրական ծառայությունը: Եվրոստատի տվյալներով, ԵՄ անդամ, հիմնականում` նախկին սոցիալիստական կամ արևելաեվրոպական երկրներում տնտեսական անկումը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել: Մասնավորապես, Լատվիայում անկումը կազմել է 18.6, Էստոնիայում` 15.6, իսկ Լիտվայում` 12.6 տոկոս:
Նշենք, որ Հայաստանում անկման ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 9.7 տոկոս: