21/05/2009 17:07
Նորություններ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասուլիսին ներկայացրեց մայիս ամսին բջջային օպերատորի կողմից իր բաժանորդներին առաջարկվող մի շարք նոր ծառայություններ:
Հայաստանում երրորդ սերնդի տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցը, ճիշտ է, առաջին անգամ շահագործվել է 2008-ի սեպտեմբերից Երևանում «ԱրմենՏել» ընկերության կողմից, սակայն, ինչպես նշեց Ռ.Յիրիկյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն առաջինն է, որ այն հասանելի է դարձրել նաև Գյումրիում ու Վանաձորում: Նա հայտնեց, որ այս ցանցի գործարկման երկրորդ փուլը ավարտին հասցվի մինչև տարեվերջ և դրանից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն Երևանի, Գյումրիի ու Վանաձորի, այլ նաև հանրապետության բոլոր մարզերի բաժանորդները:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ այսուհետ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են տեղեկանալ «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների ժամանումների և մեկնումների ճշգրիտ ժամանակի մասին անմիջապես բջջային հեռախոսից, այցելելով ընկերության կայքը: «Մենք կայքի վրա արդեն ունենք նաև միջազգային ֆուտբոլի նորություններ, որտեղ բաժանորդը կարող է հետևել արտասահմանում տեղի ունեցող ֆուտբոլի խաղերի ամենանոր տեղեկություններից »,- հայտնեց նա: Նորություններից է նաև «Վիկիպեդիա» հանրագիտարանից բջջային հեռախոսով օգտվելու հնարավորությունը:
Ռ. Յիրիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեության լիցենզիա ստացած «Օրանժ Հայաստան» երրորդ օպերատորի մուտքին:
«Մենք ողջունում ենք երրորդ օպերատորի մուտքը հեռահաղորդակցության ոլորտ, քանի որ դա շատ լավ ազդեցություն է ունենալու շուկայի վրա և տնտեսական առումով, և աշխատանքային հնարավորությունների: Կաշխուժանա նաև մրցակցության շուկան, առաջարկությունների շուկան», -ասաց նա և հավելեց, որ դեռևս տարեսզբին, երբ ընկերությունը կազմում էր իր բյուջեն և մշակում ռազմավարությունը, նկատի էր առնվել նաև երրորդ օպերատորի մուտքը Հայաստան:
«Մենք միշտ պետք է այնպես անենք, որ մեր բաժանորդները մեր ծառայություններից ուրախ ու գոհ մնան, մեր ուշադրության կենտրոնում մնան»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: