21/05/2009 16:04
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացավ իր նոր «Լիցք»-ով
«ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն իր բոլոր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է հաշվի վերալիցքավորման արագ և հարմար նոր եղանակ` «Լիցք»: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Դա նշանակում է այլընտրանք, նոր մոտեցում, ճկունություն կանխավճարային քարտ ունեցող բաժանորդներին, երբ ուզում են վերալիցքավորել իրենց քարտը», - ասաց նա, հավելելով, որ այօրվանից լիցքավորել կամ վերալիցքավորել կանխավճարային հաշիվը հնարավոր կլինի առանց շուկայից լիցքավորման քարտ գնելու:
Ըստ Յիրիկյանի, այս նոր եղանակը հնարավորություն կտա լիցքավորել քարտը ցանկացած գումարի` զուտ այցելելով մոտակա վաճառակետ: «Բայց դա չի նշանակում, որ մենք շուկայից դուրս ենք հանում պլաստիկ լիցքավորման քարտերը: Ոչ, զուգահեռ երկու մոտեցումներն էլ աշխատելու են: Մենք միայն հատկացնում ենք այլընտրանք և ավելորդ ճկունություն մեր բաժանորդներին, որ հնարավորություն ունենան տարբեր տեսակով տարբեր տեղերից լիցքավորեն իրենց համարները», - նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը:
Ռ. Յիրիկյանը հայտնեց, որ լիցքավորման նոր եղանակն արդեն այսօրվանից սկսելու է գործել Երևրանում, ապա` նաև հանրապետության այլ վայրերում, որտեղ որ վաճառվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» քարտը:
Ըստ բանախոսի, հիշյալ լիցքավորման եղանակը նորություն չէ Հայաստանում, քանի որ մինչ այդ էլ բաժանորդները կարող էին լիցքավորել իրենց քարտերն ընկերության սպասարկման կենտրոններում, նոր է միայն այս եղանակը:
«Այն, որ դիլերների հետ աշխատելով` բաժանորդը խանութներում ևս հնարավորություն կունենա լիցքավորել առանց պլաստիկ քարտերի իր հեռախոսահամարի հաշվեկշիռը, դա նորությունն է, ծառայությունն է, որ մտել է Հայաստանի շուկա առաջին անգամ», -ասաց Ռ. Յիրիկյանը և հավելեց, որ շուկայում զուգահեռաբար կգործեն լիցքավորման եղանակները և բաժանորդին հնարավորություն կտրվի ընտրել իր համար առավել հարմար ծառայությունը:
Գլխավոր տնօրենը նաև հայտնեց, որ արդեն անցկացվել են և շարունակվում են ուսուցման կուրսերն` ընկերության համապատասխան աշխատակիցների հետ: «Մենք հետևում ենք այն խանութներին, այն ցանցերին, որտեղ սկսել են օգտագործել այս նոր ծառայությունը, որովհետև սկզբում միշտ դժվար է լինում, և, եթե դժվարությունների առջև կանգնեն, մենք կարողանանք տեսնել դա, սովորեցնել, որպեսզի առավել ճկուն դառնա այդ նոր ծառայության օգտագործումը», - նշեց Ռ. Յիրիկյանը:
Նշենք, որ սկզբնական փուլում «Լիցք» հնարավոր է կատարել 911 ցանցի դեղատներում, Nokia-ի խանութ-սրահներում և թերթի կրպակներում: Կանխավճարայինն քարտի հաշիվը վերալիցքավորելու նվազագույն գումարը 50 դրամ է, առավելագույն թույլատրելի մնացորդը` 90 հազար դրամ: