22/05/2009 13:05
Ֆիգուն կարող է տեղափոխվել Չինաստան
2001 թ. ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, որպես կարիերայի հնարավոր տարբերակ, քննարկում է Չինաստան տեղափոխվելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Titan Sports»-ը: Պորտուգալացի ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում չորրորդ անգամ Իտալիայի չեմպիոն հռչակվելուց հետո հայտարարել էր, որ այլևս մտադիր չէ խաղալ «բարձր մակարդակով»:
«Եվրոպայից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից զանգերի չեմ սպասում: Ուրախ կլինեմ, եթե առաջարկներ ստանամ չինական սուպերլիգան ներկայացնող ակումբներից»,- ասել է Ֆիգուն:
Ի տարբերություն Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների, չինական ֆուտբոլը ֆինանսական առումով դեռևս այնքան էլ հրապուրիչ չէ «ծերացող» աստղերի համար, սակայն որոշ ականավոր ֆուտբոլիստներ արդեն որոշել են հանդես գալ այդ երկրի առաջնությունում: Նրանց թվում են Դամիանո Տոմմազին և Պոլ Գասկոյնը:
Որպեսզի առաջնությունն արտասահմանցի հովանավորների ու ֆուտբոլիստների համար ավելի հրապուրիչ դարձնեն, չինացիները 2009 թ. մարտին պայմանագիր են ստորագրել իտալական «Pirelli» ընկերության հետ, որը մասնագիտացել է անվադողերի արտադրության ոլորտում: