22/05/2009 16:14
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ուղերձը
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Նա հույս ունի, որ մրցաշարն իր կազմակերպվածության բարձր մակարդակով հյուրերին հնարավորություն կտա վառ տպավորություններով հրաժեշտ տալ հայոց մայրաքաղաք Երևանին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի կենտրոնը:
«ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան երևանյան առաջնության բոլոր մասնակիցներին ողջունում եմ հայոց հինավուրց հողում գտնվելու առթիվ:
Սիրելի պատանիներ, ձեզ վիճակված է մարզական կենսագրության վաղ հասակից շփվել բռնցքամարտի տարբեր երկրների դպրոցների ներկայացուցիչների հետ: Սա կհեշտացնի մեծ սպորտ տանող ճանապարհը, կհարստացնի տեխնիկական հնարքների ձեր զինանոցը: Երևանյան ռինգը կհարստացնի ձեր մրցափորձը և սեփական մարտաոճի հիմքը կդնի:
Տղամարդուն վայել մարզաձև է բռնցքամարտը: Ասպարեզում միմյանց հարվածներ փոխանակելուց հետո մրցակիցները, անկախ մենամարտի ելքից, միմյանց ձեռք սեղմելով արժանապատվորեն հեռանում են ռինգից: Սա մարզաձևի կանոնադրության ուսանելի պայմաններից մեկն է:
Ցանկանում եմ հաջող մասնակցություն: Երևանյան ռինգը թող ձեր հետագա հաջողությունների խորհրդանիշը դառնա:
Հուսով եմ, որ դուք վառ տպավորություններով հրաժեշտ կտաք հայոց մայրաքաղաք Երևանին»,- շեշտել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն իր ուղերձում: