22/05/2009 15:51
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը
Մայիսի 23-30-ը Երևանի մարզահամերգային համալիրում կանցկացվի ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Նման խոշոր մրցաշար Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում, և պատահական չէ, որ այն գրավել է հանրապետության բարձրաստիճան ղեկավարների ուշադրությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել առաջնության մասնակիցներին ու հյուրերին: Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ: Այս մասին տեղեկացրեցին մրցաշարի մամուլի կենտրոնից:
ՀՀ վարչապետի ուղղերձում նշված է. «Աշխարհի առաջատար թիմերի, երիտասարդ լավագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվող այս պատասխանատու միջոցառումը մեզ համար մեծապես նշանակալից իրադարձություն է և ԱԻԲԱ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության արգասիք:
Վստահ եմ, որ Հայաստանում աշխարհի առաջնության անցկացումն իր հետքը կթողնի ոչ միայն հայկական բռնցքամարտի պատմության մեջ, այլև հենարան կհանդիսանա ու նոր լիցք կհաղորդի բռնցքամարտի հետագա մասսայականացման, սպորտային ավանդույթների վերհանման, նոր հարաբերությունների ձևավորման ու հաստատման համար:
Արդար մրցակցության գաղափարի, մրցակցի հանդեպ հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը հիանալի միջոց է ժողովուրդների և հասարակությունների միջև փոխճանաչման, մերձեցման, երկխոսության, բարեկամության հաստատման ու ամրապնդման համար:
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը պատեհ առիթ է նաև տարբեր երկրների, միջազգային կառույցների միջև նոր` ավելի սերտ համագործակցություն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու խորացման առումներով:
Թեև պայքարը լինելու է թեժ և անզիջում, համոզված եմ, որ մրցումներն ընթանալու են ամենաջերմ մթնոլորտում:
Առաջնությանը ցանկանում եմ հաջող մեկնարկ, իսկ մասնակիցներին` արդար պայքար ու վաստակած հաղթանակ»: