25/05/2009 18:39
Ա. Թևանյան. «Հայաստանում ճգնաժամն ունի նաև ներքին աղբյուրներ»
«Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի խնդիրները հաղթահարելու համար առաջին քայլը կառավարություն-հասարակություն թափանցիկ ու հրապարակային աշխատանքն է և կանխատեսելի որոշումներ ընդունելու քաղաքականության որդեգրումը, երկրորդը` հակաբյուջետային քաղաքականության փոփոխությունը` հարկային բեռի թեթևացման ուղղությամբ, և երրորդը` դրամավարկային քաղաքկանության փոփոխությունը` բիզնեսին ֆինանսական հնարավորություններ մատակարարելու առումով»,- համոզված է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով իր տեսակետը ներկայացրեց «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումի ընթացքում:
Խոսելով հայաստանյան և համաշխարհային ճգնաժամերի նմանությունների և տարբերություների մասին` Ա. Թևանյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության վրա «ընդհանուր ազդեցություն գոյություն ունի` պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամով, բայց կա ներհայաստանյան իրավիճակ, որը կապ չունի միջազգայինի հետ և ցանկացած պարագայում կարող է խնդիր առաջացնել մեզ մոտ, եթե տնտեսական ներքին քաղաքականությունը չփոխվի»:
«Միջազգային տնտեսական ճգնաժամը կարող է հաղթահարվել ամբողջ աշխարհում, բայց մեզանում մնալ, քանի որ դրան նպաստող հայաստանյան ակունքները զուտ ներքին ծագման են, և, եթե դրանք չենք փոխում, ոչինչ չենք կարող ակնկալել»,- մանրամասնեց Ա. Թևանյանը:
Թե ե՞րբ կավարտվի տնտեսական ճգնաժամը հարցին, Ա. Թևանյանը պատասխանեց, որ դա կլինի «տնտեսական ցիկլերի տեսության համաձայն»: Ըստ այդմ` առնվազն երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի ցիկլը` արտադրություն-բաշխում և ֆինանսական հոսքերի վերադարձելիություն, մոտենա ավարտին:
«Հայաստանի պարագայում ճգնաժամի տևողությունը պայմանավորված է լինելու նաև մեր ներքին քաղաքականությամբ»,- ընդգծեց Ա. Թևանյանը: