26/05/2009 15:42
Նախկին վարչապետը տնտեսական բարելավում է կանխատեսում
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսին իր կարծիքն է արտահայտել երկրի տնտեսության վրա գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցության վերաբերյալ: Նշելով, որ Հայաստանն այսօր ճգնաժամի երրորդ` ամենախորը փուլում է, նա կանխատեսումներ արեց, որ երկրի տնտեսությունը դեռ կտեսնի ճգնաժամի չորրորդ, առավել ծանր փուլը, ընդ որում`մինչև 12 տոկոս անկումով:
«Հայաստանի տնտեսության անկումը 6, 5–7 տոկոսից մինչև 12 տոկոս կլինի», – ասաց նա և հավելեց, որ օգոստոսին այդ թվերում արդեն հստակություն կլինի, քանի որ Ռուսաստանում, որից մեծապես կախվածության մեջ է Հայաստանի տնտեսությունը, տնտեսական նոր միտումներ են հնարավոր` նավթի գների բարձրացմանը զուգահեռ:
Ըստ բանախոսի, ռուսաստանյան տնտեսության վրա, բնականաբար նաև `Հայաստանի, կարող է ազդել նաև ԱՄՆ-ում սպասվող տնտեսական աճը: Հիշեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը որպես վարկ շրջանառության մեջ է դրել շուրջ 1,5 տրիլիոն դոլար, նա նշեց, որ այս ամռանը Միացյալ Նահանգներում սպասվում է այդ ներդրումի երկրորդ ալիքի վերադարձը:
«Եթե երկրորդ ալիքի փողերն հաջողությամբ այս ամռանը վերադառնան, ապա ենթադրվում է, որ դրանից 6-9 ամիս հետո կսկսվի տնտեսական աճ, և ամերիկյան տնտեսությունը կսկսի շտկվել», - ասաց Հ. Բագրատյանը, հավելելով, որ նման զարգացումներ այդ ժամանակահատվածում հնարավոր են նաև Ռուսաստանում:
«Եթե ռուսական տնտեսությունը շտկվի, և նորից վերականգնվի տրանսֆերտների մակարդակը Ռուսաստանից Հայաստան, ապա 6-9 ամսից մեր երկրում նոր կսկսի վիճակը բարելավվել», -ասաց նախկին վարչապետը` հավելելով, որ ընդհանուր առմամբ, դա հնարավոր է 2011–2012 թվականներին, եթե ՀՀ իշխանությունների կողմից ճիշտ տնտեսական քաղաքականություն վարվի: