27/05/2009 13:05
Բարձրացվել են Զինված ուժերում առկա հիմնական խնդիրները
«Զինված ուժերը հասարակության հայելին են: Եվ մենք պետք է հասկանանք, որ հասարակական տարբեր կառույցներին պետք է ոչ միայն քննադատենք, այլ նաև օգնենք խնդիրները բարձրացնել, որպեսզի դրանք լուծվեն», - հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով այսօր հանդես եկավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը` ՀՀ զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցով:
Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ իրենց որդեգրած սկզբունքների համաձայն` արդիական խնդիրներին անդրադարձը կներկայացվի արտահերթ զեկույցների միջոցով: Նա նաև նշեց, որ սույն զեկույցը ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ է կազմվել, բայց համարվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական արտահերթ զերկույց:
Զեկույցը ներկայացվելու է նաև ՀՀ Կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը: Ա. Հարությունյանը հույս հայտնեց, որ զեկույցում բարձրացված հարցերը կդառնան արդյունավետ քննարկումների առարկա:
Մանրամասն չխոսելով զեկույցում բարձրացված խնդիրներից, Ա. Հարությունյանը նշեց միայն, որ «իրենց հիմնական մոտեցումներից մեկն է, որ զինված ուժերի հրամանատարը` անձնակազմի հետ կապված բոլոր խնդիրների համար անձնական պատասխանատվություն կրի»: Նա նշեց նաև, որ շատ կարգապահական հարցեր պատժիչ նշանակություն ունեն, որոնք տվյալ դեպքերի համար ճիշտ են համարվում, սակայն դրանց վրա ևս պետք է տարածվեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի երաշխիքների դրույթները:
Ա. Հարությունյանի խոսքերի համաձայն` այս զեկույցն այն եզակիներից է, որը չի արժանանում քննադատության, այլ ավելին` Պաշտպանության նախարարության կողմից ողջունվել և աջակցվել է:
«Այս զեկույցի հիմնական նպատակն է, որ շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգա, հասարակության կողմից Զինված ուժերի նկատմամբ վստահությունն ավելի բարձրանա, և Զինված ուժերում ծառայող մեր քաղաքացիների իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինեն», - ամփոփելով խոսքն ընդգծեց Ա. Հարությունյանը: