29/05/2009 16:20
Միջբանկային շախմատային մրցաշարն ավանդական է դառնում
Մայիսի 28-ին Երևանի Շախմատիստի տանը մեկնարկած միջբանկային շախմատային 6-րդ մրցաշարը նվիրված էր Հանրապետության տոնին և երեխաների պաշտպանության օրվան: Մասնակիցների թվում էին Կենտրոնական բանկի, «Արարատբանկի», «Ինեկոբանկի», «Արմսվիսբանկի», «Կոնվերս բանկի», «Ամերիաբանկի», «Արդշինինվեստբանկի», «ՎՏԲ-Հայաստան բանկի», «Յունիբանկի» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի 35 աշխատակիցներ:
ՀՀ բանկերի արհմիության և ԿԲ արհմիության նախաձեռնած շախմատային մրցաշարի համար սահմանվել էին դրամական մրցանակներ` մի շարք անվանակարգերում 1-3-րդ տեղերն զբաղեցնելու համար: Ըստ գրաված դիրքերի` հաղթողները կպարգևատրվեն 50000-ական, 30000-ական և 20000-ական դրամով:
Մրցումների արդյունքով բանկերի աշխատակիցների անվանակարգում հաղթող է դարձել ԿԲ աշխատակից Աշոտ Ավետիսյանը: 2-րդ տեղը գրավել է «Կոնվերս բանկի» ներկայացուցիչ Արսեն Նաղդալյանը, իսկ 3-րդ տեղը` «Արարատբանկի» աշխատակից Գևորգ Թադևոսյանը: Երեխաների օրվան նվիրված անվանակարգում 1-3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կարեն Նամալյանը («Կոնվերս բանկ»), Լևոն Քարամյանը (ԿԲ), Հայկ Մարտիկյանը («Արդշինինվեստբանկ»): Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: