01/06/2009 17:04
Անչելոտտին եռամյա պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ
«Չելսին» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նոր մարզիչը Կառլո Անչելոտտին է: Իտալացի մասնագետը եռամյա պայմանագիր է ստորագրել անգլիական ակումբի հետ և հուլիսի 1-ից կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»` հենվելով «արիստոկրատների» պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության վրա:
Հիշեցնենք, որ Անչելոտտիի վերջին աշխատավայրը եղել է իտալական «Միլանը», որին նա երկու անգամ Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջնորդել է դեպի հաղթանակ: «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին «Milan Channel»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Կառլո Անչելոտտիի հեռանալու փաստին, մասնավորապես ասել է. «Այժմ ես շատ ուրախ եմ Պաոլո Մալդինիի համար, ով իր վերջին խաղն անցկացրեց մեր թիմի կազմում: Ստիպված ենք բաժանվել նաև Կառլո Անչելոտտիից, ով արդեն հրաժեշտ է տվել թիմին: Բայց ավելի լավ է` մենք նրան «ցտեսություն» ասենք, որովհետև լավ մարզիչը միշտ էլ կարող է վերադառնալ: Մինչդեռ Պաոլոն տարիքի պատճառով դժվար թե այլևս խաղադաշտ մտնի, չնայած ես դեռ չեմ կորցրել հույսս, որ նա կհամաձայնի ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Միլան» թիմում»: