03/06/2009 15:42
«Չելսին» պատրաստ է Կակայի համար 80 մլն եվրո վճարել
Լոնդոնի «Չելսին» նույնպես հայտնվել է այն ակումբների շարքում, որոնք ցանկանում են ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Կակայի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը: Ռոման Աբրամովիչի ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել 80 մլն եվրո` 15 միլիոնով գերազանցելով «Ռեալի» առաջարկը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ֆուտբոլիստի հայրը` Բոսկո Լեյտեն, իսպանական «Cadena Ser» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է, որ «Միլանն» արդեն պայմանավորվել է «Ռեալի» հետ` կապված իր որդու տրանսֆերի հետ: Մասնավորապես, Լեյտեն, ով նաև Կակայի գործակալն է, հայտարարել է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ միասին մասնակցել է եռակողմ բանակցությունների: Արդյունքում կողմերը հանգել են համաձայնության: Ենթադրվում է, որ գործարքի արժեքը պետք է կազմի 65 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին պայմանագիր կառաջարկվի 5 տարի ժամկետով:
Աշխարհի 2007 թ. լավագույն ֆուտբոլիստը «Ռեալում» տարեկան կստանա 9 մլն եվրո: Գովազդից ստացվող ողջ եկամուտը հավասարապես կբաժանվի խաղացողի ու ակումբի միջև: Առաջատար իսպանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` «Ռեալն» ու «Միլանը» գործարքի մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Այս լուրին անմիջապես արձագանքեց «Չելսին»` շեշտելով, որ պատրաստ է Կակային տարեկան 12 մլն եվրո վճարել: Բայց դա, ի դեպ, վերջնարդյունքում ավելի քիչ է, քան «Ռեալի» առաջարկածը, քանի որ Անգլիայում շուտով ուժի մեջ կմտնի բարձր աշխատավարձի դեպքում 50 տոկոս հարկ գանձելու մասին օրենքը:
Մինչ օրս, սակայն, հայտնի չէ, թե ինչպիսին է հենց իր` Կակայի դիրքորոշումը, ով մեկ-երկու օր առաջ ընդգծում էր, որ ոչ մի դեպքում չի հեռանա «Միլանից»: Այժմ նա Բրազիլիայի ազգային ընտրանու կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում և հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը: Մինչդեռ Գալիանին հերքում է, որ զբաղվել է Կակայի տրանսֆերի վաճառքի հարցով: Նա հաստատում է, որ Իտալիա չի մեկնել, այլ գտնվել է իտալական լողափերում: Իսկ ահա «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին անուղղակիորեն հաստատել է, որ բրազիլացու տրանսֆերի վաճառքը հնարավոր է: «Չգիտեմ` արդյոք կկարողանա՞նք նրան պահպանել թիմում, քանի որ «Ռեալը» «խելագար» գումարներ է առաջարկում: Մենք չենք կարող մարդուն իր կամքին հակառակ պահել»,- ասել է Բեռլուսկոնին:
Այսպիսով, Կակայի` այլ ակումբ տեղափոխվելը կարելի է կայացած փաստ համարել: Մնում է միայն իմանալ, թե ուր կգնա նա և ի՞նչ պայմաններով: