05/06/2009 15:07
Հայաստանի բանկային համակարգում ցնցումներ այլևս չեն սպասվում
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցության գլխավոր փուլն արդեն անցել է, և Հայաստանի բանկային ոլորտն այլևս չի ենթարկվի ցնցումների: Ինչպես Aysor.am-ին հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, Հայաստանի բանկային համակարգի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն այնքան մեծ ազդեցություն չի ունեցել, որքան այլ երկրներում:
Նրա խոսքով, իհարկե, բանկերն ունեցան կորուստներ և, հնարավոր է, որ առաջիկայում էլ ժամանակավոր խնդիրներ ունենան` կապված պրոբլեմատիկ վարկերի առաջացման, վարկերի մարումների ձգձգումների հետ, կամ նկատվեն չվերադարձման դեպքեր: Սակայն Է. Սողոմոնյանը կարծում է, որ «այսօր ավելի վատ սպասումներ չկան և չեն կարող լինել»:
Ըստ միության նախագահի, ճգնաժամի ամենամեծ ազդեցությունը վառ արտահայտվեց այս տարվա մարտի 2-ին, երբ արտարժույթի և դրամի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց: Բանկերի միության նախագահի խոսքով, ճգնաժամի ամբողջ վնասները կրել են բանկերը, իսկ Հայաստանի բնակչությունն այդ առումով չի տուժել, քանի որ նրա մոտ եղած ամերիկյան դոլարը արժեվորվել է:
Է. Սողոմոնյանի գնահատմամբ, բանկերի կրած վնասը կազմել է 3-3,5 մլրդ դրամ: Չնայած դրան, Բանկերի միության նախագահի հավաստմամբ, նույնիսկ այդ վնասները չազդեցին հայաստանյան բանկային համակարգի իրացվելիության վրա. «ՀՀ բանկային համակարգը, անգամ միջազգային փորձագետների գնահատմամբ, ամենակայուն համակարգերից մեկն է»:
Միաժամանակ, Է. Սողոմոնյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային ճգնաժամի ցնցումները դեռևս չի հաղթահարել, և որպես հետևանք, առաջնահերթ խնդիրներից է գործազրկությունը: Նա տեղեկացրեց, որ թեև հայաստանյան բանկերը հայտարարել են փոքր ու միջին բիզնեսի վարկավորման մասին, սակայն դիմողներ դեռևս չկան:
Է. Սողոմոնյանը գտնում է, որ առաջացած դժվարությունները հաղթահարելուն կնպաստի ՀՀ Կենտրոնական բանկի նոր ծրագիրը, որով կիրականացվի դրամային տեսքով վերաֆինանսավորում` սպառողական, գյուղատնտեսական, բնակարանների վերանորոգման հիպոթեքային վարկավորումների գծով: Բանկերի միության նախագահի կարծիքով, այդ նախաձեռնությունը մեծ աշխուժություն կմտցնի շուկայում և արդեն այս ամսվա վերջում կերևան դրա արդյունքները: