05/06/2009 19:26
Կշնորհվեն ռազմական մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինտիտուտում տեղի ունեցավ նույն ինստիտուտի բազայի վրա ստեղծված «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող պաշտպանական խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ մայոր Հ. Քոթանջյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Ա. Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա. Թռչունյանը և այլոք:
ՀՀ ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ մայոր Հ. Քոթանջյանը հայտնեց, որ նորաստեղծ խորհուրդը գործելու է 2 բնագավառների շրջանականերում` քաղաքագիտության և պատմական գիտությունների: Խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գիտական հիմնարկներից: Խորհրդի նպատակներից են` դառնալ անվտանգային ընկերակցության համար ինտելեկտուալ կենտրոն, միջգերատեսչական քաղաքագիտական մշակումների մշակույթը ներդնել մեր երկրի քաղաքական գործընթացների մեջ և այլն:
ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ողջունելով խորհրդի անդրանիկ նիստի մասնակիցներին, նշեց, որ ԶՈՒ-ում բոլոր հրամանատարների պարտականությունների մեջ առանձնակի տեղ ունեն գիտական, նորարարական աշխատանքները: Ս. Օհանյանը անչափ կարևորեց և պատմական համարեց ռազմական ոլորտում գիտական աստիճան շնորհող խորհիդի ստեղծումը ՊՆ համար, քանի որ նախկինում նման կառույց չի եղել:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի կարծիքով, այս խորհրդի կարիքը վաղուց կար: Նա նշեց, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանության ներկայացված ատենախսությունների որակը բարձր լինի և շեշտեց, որ համալսարանը շատ սերտորեն կաշխատի ԱՌՀԻ-ի հետ ասպիրանտական կիրառական թեմաներ ընտրելու համար:
ՀՀ ԱԳ փոխնախարար Ա. Կիրակոսյանը շնորհավորեց խորհրդի ստեղծման առթիվ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինտիտուտը հիմնվել է 2007 թ.` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ: Ինստիտուտի նախագիծը մշակվել է ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանում: Ինստիտուտը համագործակցում է Հարվարդի համալսարանի, Ռուսաստանի և Եվրոպական ռազմական ինստիտուտների հետ: ԱՌՀ ինստիտուտը հրատարակել է «Հայկական բանակ» գրքերի շարք, որոնցից առաջինը վերաբերում է ուսումնատեխնիկական ոլորտին, երկրորդը` իրավական մասով պաշտպանական բարեփոխումներին, երրորդը` միջազգային համագործակցությանը: