05/06/2009 12:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին
Ինչպես հաղորդում է «Daily Mirror» հանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալին»: Սակայն պորտուգալացու համար նվազագույն գին է սահմանվել 75 մլն ֆունտ ստեռլինգը: Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան» ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին: Վերջինս անձամբ է ֆուտբոլիստին կոչ արել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել «Միլան»:
- Ես Ռոնալդուին ասել եմ, որ նրան ցանկանում եմ տեսնել իմ թիմի կազմում,- հայտարարել է Բեռլուսկոնին Mediaset-ին տված հարցազրույցում:- Նա նայեց ինձ և ասաց. «Իսկ ո՞վ չի ցանկանում խաղալ «Միլանում»: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար դա մեծագույն պատիվ է»:
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս «Միլանից» Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի իտալական ակումբի գլխավոր աստղը` բրազիլացի Կական, ինչն առաջացրել է «Միլանի» երկրպագուների զայրույթը: Նրանք ցույցեր են կազմակերպել` պահանջելով հրաժարվել այդ տրանսֆերից: Որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի ֆանատներին, Բեռլուսկոնին շտապ պետք է հրավիրի ոչ պակաս աստղային ֆուտբոլիստի, քան Կական է: Ի դեպ, «Ռեալը» նույնպես չի կորցնում հույսը` ձեռք բերելու Ռոնալդուի տրանսֆերը: