08/06/2009 11:02
«BRIDGE ARTSAKH» տնտեսական ֆորումը` Ստեփանակերտում
Հունիսի 19-21-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «BRIDGE ARTSAKH» տնտեսական ֆորումը: Ֆորումը կանցկացվի Արցախի նախագահի բարձր հովանու ներքո և Հանրապետության կառավարության աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ֆորումի կազմակերպիչներ Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը և «ՄԱՍՏԵՐ» Միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնը:
Ֆորումի գլխավոր թեման է «Պետություն և բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային հրապարակներում կհավաքվեն Արցախից և Հայաստանից գործարարներ, նախարարներ և գործադիր մարմիններ, ինչպես նաև ներկայացուցիչներ սփյուռքից: Այստեղ հնարավոր կլինի քննարկել արդի խնդիրները, գտնել համագործակցության հնարավոր ուղիները, փոխանակել կարծիքները, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների և ներդրումային քաղաքականության հնարավորությունների հետ, հաստատել նոր գործնական կապեր:
Ֆորումի միջոցառումները կանցկացվեն Ստեփանակերտի տարբեր հրապարակներում: «BRIDGE ARTSAKH» ֆորումի մասնակիցները կբնակվեն լավագույն, հարմարավետ հանգստյան տներում:
«BRIDGE ARTSAKH» ֆորումի գլխավոր նպատակն է ` ծանոթանալ Հայաստանի և արտերկրի գործնական և քաղաքական շրջանակների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական պոտենցիալի հետ: Այդ իսկ պատճառով ֆորումն ունի խիստ գործնական գրաֆիկ, կազմված է սեկցիոն և պլենառ նիստերից, կլոր սեղաններից: Պլենառ նիստի հիմնական զեկույցը կներկայացնի Արցախի Ներդրումային Հիմնադրամը` «Արցախի ներդրումային գրավչությունը» թեմայով:
Կլոր սեղանները կանցկացվեն հետևյալ թեմաներով`
• Ժամանակակից բիզնես` խնդիրներ և հեռանկարներ,
• Ֆինանսական գործիքները ի օգուտ գործարարներին,
• Տրանսպորտային համակարգի զարգացումը, որպես արդյունավետ բիզնեսի նախապայման,
• Շինարարական ոլորտի հնարավորությունները համաշխարհային ճգնաժամի պայմաններում,
• Բիզնես-կրթությունը ժամանակակից տնտեսական պայմաններում
• Արցախի ներգնա զբոսաշրջության հեռանկարները: