09/06/2009 11:54
ՊՆՖՀ համակարգը Հայաստանում
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցան քննարկումներ «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ-ում և Հայաստանում» թեմայով:
Քննարկումներին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբրգերը, ՀՀ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին ՊՆՖՀ-ն որպես ներքին հսկողության նոր մեխանիզմ Հայաստանում: Եվրահանձնաժողովի պաշտոնյաները ներկայացրեցին ԵՄ անդամ երկրների պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում ունեցած փորձը, և թե ԵՄ-ում ինչ պահանջներ են ներկայացվում այսպիսի համակարգերին:
Եվրահանձնաժողովի ՊՆՖՀ վարչության ղեկավար Ռոբերտ Ջիելսին նշեց, որ սա հասարակության իրազեկման գործում կարևոր պայման է, և իրենք խրախուսում են Հայաստանի կողմից պլանավորված բարեփոխումները:
Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Դավթյանի, այս մոդելը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից և նպատակն է, ընդհանուր առմամբ, պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը երաշխավորելու միջոցով, հասարակությանը որակյալ ծառայություններ մատուցել:
Կ. Դավթյանի խոսքով, նման համակարգ ներդնելը հայտարարված է մեր կառավարության գործունեության ծրագրով, և մինչև ընթացիկ տարվա ավարտը նախարարությունը պետք է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի համապատասխան ռազմավարության նախագիծ: Վարչության պետը հավելեց նաև, որ այս միջոցառումը նախատեսված է Հայաստան-ԵՄ հարևանության գործողությունների ծրագրով: